Առաքելություն և արժեքներ

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ոչ առևտրային անկախ հետազոտական ինստիտուտ է, որը հիմնադրվել է 2001 թվականին Երևանում: Կենտրոնի գործունեության հիմնական առարկան տնտեսական և սոցիալական քաղաքականություններն են` դրանց նպատակայնությունը և հասցեականությունը, մշակման գործընթացը, իրականացման արդյունավետությունը և հանրության գոհունակությունը: 

Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացին որակյալ հետազոտությունների իրականացման և այլընտրանքային տեղեկատվության ապահովման, հանրային քաղաքականությունների և ծրագրերի վերլուծության ու գնահատման, նախագծերի և առաջարկությունների մշակման, զարգացման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով: 

Որպես Հայաստանի տնտեսական զարգացումը և հեռահար աճը զսպող գերխնդիրներ մենք մասնավորապես առանձնացնում ենք.

                  • արտագաղթը և ժողովրդագրական պատկերը,
                  • աղքատությունը և տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների պաշտպանությունը,
                  • փոքր քաղաքային բնակավայրերի և գյուղերի զարգացումն ու արդիականացումը,
                  • ազգային կրթական, գիտական և հետազոտական համակարգերի զարգացումը,
                  • տեխնոլոգիական  արդիականացումը և արտադրական արժեշղթաների կատարելիությունը,
                  • արդյունաբերության մրցունակությունը և արտահանման զարգացումը:
 

Նշված գերխնդիրների հաղթահարումը բարդ և համալիր գորընթաց է, ենթադրում է մի շարք այլ ենթանպատակների և խնդիրների լուծում, որոնք էլ, իրենց հերթին, պահանջում են մի շարք քաղաքականություների ու ծրագրերի ուղղորդում և փոփոխություններ, բազմաթիվ նվիրական ջանքերի ներդնում:

Կենտրոնի գոյության իմաստն այս գործընթացում մասնակցություն և արդյունավետ ներդրում բերելն է:   

Կենտրոնը հավատում է փոփոխություններին, հասարակության, մասնավոր և հանրային կառավարման տրանսֆորմացիային (փոխակերպմանը), որին և, մեծ իմաստով, ուղղված է Կենտրոնի ծրագրային գործունեությունը:

Փոխակերպման և զարգացման գործընթացում կարևոր է յուրաքանչյուրի դերը, մասնագիտացումը և ազատությունը: Հետևաբար, Կենտրոնը կարևորում է անհատների, առանձին ինստիտուտների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության զարգացումը և դիտում որպես իր առաքելության իրագործման հենարան և շարժիչ:

Կենտրոնը հավատում է ազգային գաղափարների իրագործմանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը` որպես ժամանակակից կենսակերպ, աճի և շարունակականության միջոց:

Կենտրոնը ոչ քաղաքական ինստիտուտ է և իր գործունեությունը և արդյունքները փորձում է զերծ պահել որևէ կոնկրետ քաղաքական ուժի շահերին ծառայեցնելուց: Փոխարենը, Կենտրոնը հավատում է քաղաքացիական հասարակության դերին և ազդեցությանը` որպես քաղաքական փոփոխությունների ուղղորդիչ:

Կենտրոնն ինքնության բացահայտման նախաձեռնություն է, որը համախմբում է միանման արժեքներ կրող, պրոֆեսիոնալ շարունակական զարգացմանը ձգտող, հայրենիքի ու պետականության նկատմամբ պատասխանատվության զգացում ունեցող ազատ մարդկանց:

Կենտրոնը գաղափարներ, ռեսուրսներ և մեթոդներ միավորելու և ինստիտուցիոնալ ընթացք հաղորդելու համար ստեղծված կառույց է, ուր պրոբլեմները ուսումնասիրվում են հասկանալու համար, իսկ լուծումները քննվում` համապատասխանն ընտրելու համար: