26.10.2012
Կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ի շնորհանդեսը

2012թ-ի հոկտեմբերի 26-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» սրահում ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը:   

Շնորհանդեսին հրավիրված էին պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Հայաստանի տնտեսական զեկույց»-ը վերլուծական տարեկան պարբերական է, որը հրապարակվում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական թիմի կողմից: Յուրաքանչյուր թողարկումն անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաև առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ և տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ:

«Հայաստանի տնտեսական զեկույց 2011» ընդհանուր խորագիրն է «Առևտրային քաղաքականություն և աճի կայունություն»: Զեկույցի ընթացիկ թողարկումը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) հետ համագործակցաբար` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) խորհրդատվական աջակցության շրջանակներում:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին տնտեսական զարգացման վերջին միտումները, «Արտահանողների մոնիտորինգ» հետազոտության արդյունքներն ու ՀՀ-ԵՄ ԽՀ Ազատ առևտրի համաձայնագրի ազդեցության գնահատումներ:

Զեկույցը հասցեագրվում է քաղաքականություն մշակողներին, վերլուծաբաններին, հետազոտական հանրությանը, գործարարներին, ինչպես նաև, հանրության լայն շրջաններին: Շնորհանդեսին ներկա ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ում  ներկայացված դիտարկումներն իրենց կողմից քննարկվելու եւ հաշվի են առնվելու:

«Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը, ինչպես նաև զեկույցի նախորդ հրապարակումները հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի են մեր կայքի օգտակար հրապարակումներ բաժնում: