15.05.2013
ՏԶՀԿ-ն հրապարակել է ՀՀ առողջապահության 2013 թվականի բյուջեին նվիրված վերլուծություն

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, համագործակցելով Օքսֆամ Մեծբրիտանական կազմակերպության հետ, իրականացրել է 2013 թվականի ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված ֆինանսավորման վերլուծություն:

Նյութը լույս է սփռում Հայաստանում առողջապահության պետական ֆինանսավորման իրավիճակի վրա, հնարավորություն է տալիս գնահատել 2013 թվականի բյուջետային ծրագրերը, բյուջեի վրա ազդող հիմնական գործոնները՝ միաժամանակ ներկայացնելով առկա փոխազդեցությունների համատեքստը: Այն պարունակում է ոլորտի պետական ֆինանսավորման համակարգի բարելավման առաջարկություններ՝ ուղղված ինչպես քաղաքականություն մշակողներին, այնպես էլ մյուս բոլոր շահագրգիռ կողմերին:

Համագործակցելով Օքսֆամ ՄԲ-ի հետ՝ Կենտրոնը փորձում է պրոֆեսիոնալ ներդրում ունենալ Հայաստանում քաղաքականությունների շարունակական բարելավման ասպարեզում՝ կարևորելով հանրային միջոցներով հանրությանն ուղղված ծրագրերի նպատակայնությունն ու հասցեականությունը, իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև հանրության գոհունակությունը:

Հրապարակումն ընթերցելու կամ ներբեռնելու համար կարող եք այցելել սույն կայքի վերլուծական նյութեր և զեկույցներ բաժին կամ սեղմել այստեղ: