26.12.2013
Հրապարակվել է «Հայաստանի տնտեսական զեկույց»-ի հերթական թողարկումը

«Հայաստանի տնտեսական զեկույց 2013-ի» ընդհանուր խորագիրն է` «Մարդկային կապիտալ և աճի հեռանկարներ»: Այն ներկայացնում է Հայաստանի դեմոգրաֆիական զարգացումների ուշագրավ վերլուծություններ, անդրադառնում է աշխատուժի բաշխմանն ու տեղաբաշխմանը, արտադրողականությանը, մարդկային կապիտալի զարգացման և հեռահար աճի խնդիրներին:

Զեկույցի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ համառոտագիրը բերված է ստորև:


 

Հայաստանի տնտեսական զեկույց 2013. մարդկային կապիտալ և աճի հեռանկարներ

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Ներբեռնել համառոտագիրը


ԲԱԺԻՆ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

  • Համաշխարհային տնտեսությունը 2012-ին ընդլայնվել է 3.2 տոկոսով և արդյունքում  12.2 տոկոսով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը: Համաշխարհային աճը շարունակում է մեծապես պայմանավորված լինել Զարգացող Ասիայի երկրներով: Զարգացած երկրներում աճը նվազման միտում ունի և համեմատաբար փոքր է:
  • Գլոբալ առևտուրը 2012-ին ընդլայնվել է մոտ 2.5 տոկոսով: Զարգացած երկրներում արտահանման աճի տեմպերը շարունակում են գերազանցել ներմուծման աճին, իսկ Զարգացող երկրներում` ճիշտ հակառակը:
  • Հիմնական մետաղների գները նվազել են: Ոսկու գինը շարունակել է աճել` թեև ավելի ցածր տեմպով: Նավթի գինն աճել է ընդամենը 1 տոկոսով` 2010-2011 թվականների կտրուկ աճի դիմաց: Արդյունքում, նավթի և ոսկու գները 2012-ին գտնվել են վերջին 3 տասնամյակների ամենաբարձր մակարդակում:
  • Սպառողական ապրանքների գները 2012-ին աճել են 3.9 տոկոսով` 2011-ի 4.9 տոկոսի դիմաց: Գների աճի տեմպի նվազումը նկատելի է հատկապես ԱՊՀ երկրներում: Զարգացած երկրներում գնաճն առավել մեղմ է: Հայաստանում սպառողական գների միջին աճը 2012-ին կազմել է 2.6 տոկոս կամ 3.2 տոկոս` տարեսկզբի համեմատ: Ճգնաժամից հետո Հայաստանի պարենային շուկայում ապրանքները թանկացել են 20.4 տոկոսով (2012-ի դեկտեմբերին 2010-ի հունվարի համեմատ), ոչ պարենային շուկայում` 15.2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 9.8 տոկոս:
  • Հարավկովկասյան երկրներում 2012-ին միջինում արձանագրվել է 3.6 տոկոս տնտեսական աճ, ընդ որում` առավել բարձր աճ գրանցվել է Հայաստանում` 7.2 տոկոս, որին հաջորդում է Վրաստանը` 6.5 տոկոս: Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է 2.2 տոկոս:
  • Հայաստանի տնտեսական աճը 2012-ին բավականին բարձր է նախորդ տարվա 4.7 տոկոսի համեմատ: Զգալի դեր է ունեցել գյուղատնտեսությունը` ապահովելով ընդհանուր 7.2 տոկոս տնտեսական աճի 1.9 տոկոսային կետը: Հաջորդիվ մեծ դեր ունեցող ոլորտներն են` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (0.9 տոկոսային կետ), առևտուրը (0.7 տոկոսային կետ), տրանսպորտի և կապի ոլորտը (0.6 տոկոսային կետ):
  • Արդյունքում, իրական ՀՆԱ-ն ճգնաժամից հետո շարունակաբար աճելով, գրեթե մոտեցել է իր նախորդ ամենաբարձր մակարդակին (2008 թվականի մակարդակ): Այնուհանդերձ, դոլարային ՀՆԱ-ն բավականին զիջում է 2008-ի մակարդակը:
  • Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները զգալի են: Այն մեծապես պայմանավորված է շինարարության ոլորտով: Թեև առանձին փոքր ճյուղեր արագ աճում են` սակայն ոչ մեծ ազդեցությամբ: Եթե մի քանի տարի առաջ տնտեսության ամենամեծ ճյուղը շինարարությունն էր (շուրջ մեկ քառորդը), ապա ներկայում գյուղատնտեսությունն է` ՀՆԱ-ի 19 տոկոս, որին հաջորդում է առևտուրը` ՀՆԱ-ի 13 տոկոս: Շինարարությունը կազմում է ՀՆԱ-ի 12 տոկոսը, որը դեռևս մեծ է մշակող արդյունաբերությունից` ՀՆԱ-ի 10 տոկոս:
  • 2009-ի կտրուկ անկումից հետո շինարարությունում անկումը շարուկվում է: 2010-2012 թվականներին այս ոլորտն անկում է ապրել միջին տարեկան 2.1 տոկոսով: Արդյունքում, 2012-ին շինարարության ոլորտը կազմել է 2008-ի 55 տոկոսը:
  • Մշակող արդյունաբերությունը 2012-ին աճել է 3.1 տոկոսով, որը բավականին փոքր է նախորդող երկու տարիների համեմատ: Մշակող արդյունաբերությունն ապահովում է ողջ արդյունաբերական թողարկման ավելի քան 60 տոկոսը: Մշակող արդյունաբերության մոտ 60 տոկոսը ձևավորում են 10 խոշոր ենթաճյուղեր, ընդ որում` ամենախոշորը հացամթերքի արտադրությունն է:
  • 2012-ին մշակող արդյունաբերության ընդլայնման մեջ մեծ դերակատարում են ունեցել ծխախոտի արտադրությունը (65 տոկոս աճ), կոնյակագործությունը (21 տոկոս աճ), պղնձի, ալյումինի, թուջի ու պողպատի արտադրությունները (8-6 տոկոս աճ):
  • Գործազրկության մակարդակը Հայաստանում 2012 թվականին կազմել է 17.3 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն բարելավվել է: Արդյունաբերական զբաղվածությունն ավելացել է 0.3 տոկոսով` ընդգրկելով 83.4 հազար մարդ:
  • 2012-ին վերջնական սպառմանն ուղղված ծախսերը 1.8 տոկոսով գերազանցել են ներքին տնտեսությունում ստեղծված համախառն եկամուտը: Մասնավոր սպառումն իրական արտահայտությամբ աճել է և կազմել ՀՆԱ-ի 88.8 տոկոսը: Պետական/հանրային սպառումը կրճատվել է և կազմել ՀՆԱ-ի 13.0 տոկոսը:
  • Տնտեսությունում ներդրումների իրական ծավալները շարունակել են նվազել` 2011-ին` 4.7 և 2012-ին` 7.7 տոկոսով: ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքը, մասնավորապես, տնտեսությունում պետական միջնորդության նվազումը և համախառն կուտակման անկման բավականին բարձր տեմպերը չեն նպաստում տնտեսական աճի կայունությանը:
  • Պետական բյուջեի ընդամենը ծախսերը 2012-ին 2011-ի համեմատ աճել են բավականին համեստ տեմպով` շուրջ 2 տոկոսով: Սա նշանակում է, որ 2012-ին պետական ծախսերի իրական մակարդակն անկում է ապրել` գների աճը չեզոքացնելու պարագայում: 2012-ին պետբյուջեի մուտքերը 20 տոկոսով գերազանցել են նախաճգնաժամային մակարդակը, ինչը մեծապես պայմանավորված է հարկային եկամուտների գրեթե նույնաչափ աճով:
  • Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012-ին կազմել է ՀՆԱ-ի 37.9 տոկոսը կամ շուրջ 3,738 միլիոն դոլար, ինչը 4.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը: Հայաստանի հիմնական վարկատուն Համաշխարհային բանկն է, որին բաժին է ընկնում երկրի արտաքին պարտքի մոտ 40 տոկոսը: Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 21 տոկոսը: Երկկողմանի վարկերի մասով հիմնական պարտատերերը Ռուսաստանը և Ճապոնիան են:
  • Արտաքին հաշվեկշռվածությունը բարելավվել է: 2012 թվականին զուտ արտահանման բացասական մնացորդը կրճատվել է մոտ 17 տոկոսով: Ընթացիկ հաշվի բարելավմանը նպաստել է նաև արտերկրից ստացվող դրամական փոխանցումների աճը: 2012-ին բանկային համակարգի միջոցով ստացվող դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը` ի հաշիվ Ռուսաստանից ստացվող փոխանցումների աճի:
  • 2012-ին արտահանման հիմնական մասն իրականացվել է դեպի Եվրամիության երկրներ (37 տոկոս), որին հետևում են ԱՊՀ երկրները (24 տոկոս), Ասիական երկրները (19 տոկոս) և Ամերիկյան մայրցամաքի երկրները (14 տոկոս): Ընդհանուր առմամբ, արտահանվել է ավելի քան 100 երկիր: Խոշոր գործընկեր երկիրը Ռուսաստանն է, ուր ուղղվել է Հայաստանից ընդհանուր արտահանման մոտ մեկ հինգերորդ մասը: Երկրորդ մեծ երկիրը Բուլղարիան է, այնուհետ` Բելգիան, Իրանը, Գերմանիան, ԱՄՆ-ը և այլն:
  • Արտահանման կառուցվածքում, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական արտադրատեսակը պղնձի հանքաքարը և խտահանքն է, որին հաջորդում են ալկոհոլային խմիչքները: Դեպի Ռուսաստան արտահանման մոտ 50 տոկոսը սպիրտային խմիչքներն են, որին հետևում են ադամանդը` 8.6 տոկոս, թարմ ձուկը` 4.6 տոկոս, ծիրանը` 4.5 տոկոս, թարմ և չորացրած խաղողը` 3.5 տոկոս:
  • 2012-ին ներմուծում իրականացվել է 150-ից ավել երկրներից, սակայն կրկին առավել խոշոր գործընկեր երկիրը Ռուսաստանն է: Ռուսաստանն ապահովում է Հայաստանի ընդհանուր ներմուծման շուրջ  մեկ չորրորդը` մեծամասամբ բնական գազի (41.5 տոկոս), ցորենի և մեսլինի (11.3 տոկոս) հաշվին: Բնական գազի և նավթամթերքի ներմուծումը միասին կազմում են ընդհանուր ներմուծման մոտ 21 տոկոսը:
  • Ըստ ԱՄՀ, ԱԶԲ և ՀՀ կառավարության կանխատեսումների առաջիկա տարիներին Հայաստանում սպասվում է տնտեսական աճի կայունացում՝ աճի միջին տեմպերով, որոնք կապահովեն տնտեսության նախաճգնաժամային մակարդակի վերականգնում, գների կայունացում, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճ և վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բարելավում:
  • ՀՀ կառավարությունը 2013-2015 թվականներին տնտեսական աճի առավել բարձր տեմպեր է ակնկալում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում, համապատասխանաբար` միջին տարեկան 9.3 տոկոս և 6.1 տոկոս: Գյուղատնտեսությունում ակնկալվում է տարեկան մոտ 4.5 տոկոս աճ: Արտաքին պարտքի մակարդակը ՀՆԱ-ում շարունակելու է մնալ բարձր՝ չնայած կդրսևորվի աստիճանական նվազման վարքագիծ:

 

ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

  • 20-րդ դարի ընթացքում Հարավային Կովկասում, այդ թվում և Հայաստանի տարածքում, նկատվել են ակտիվ ժողովրդագրական զարգացումներ: Բնակչության թվաքանակը բոլոր 3 հանրապետությունների տարածքում կտրուկ աճել է: Բնակչության ամենամեծ աճի տեմպը գրանցվել է Հայաստանում, իսկ ամենափոքրը` Վրաստանում:
  • Խորհրդայնացումից հետո Հայաստանի բնակչությունն աճել է ավելի քան 3 անգամ: 1979-ին Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3 միլիոն մարդը, իսկ 1991-ին հասել է իր առավելագույն մակարդակին` 3.6 միլիոն մարդ:
  • Հայաստանում բնակչության աճը տեղի է ունեցել գերազանցապես քաղաքային բնակչության հաշվին. 1926-1991 թվականներին գյուղական բնակչությունն աճել է 48 տոկոսով, իսկ քաղաքային բնակչությունը` ավելի քան 12 անգամ:
  • Անկանխության տարիներին Հայաստանում և Վրաստանում բնակչությունը կտրուկ նվազում է, մինչդեռ Ադրբեջանում շարունակվում են աճի բարձր տեմպերը:
  • Հայերի արտագաղթի և ադրբեջանցիների բարձր աճի արդյունքում էթնիկ հայերի դերը Հարավային Կովկասում նվազում է: 1926-ին Հարավային Կովկասի բնակչության 22.7 տոկոսը հայեր էին, 1979-ին  հայերի մասնաբաժինը հասել էր 26 տոկոսի: Արդեն 2001 թվականին հայերի մասնաբաժինը փոքր-ինչ զիջել է 1926 թվականի մակարդակը` կազմելով 22.4 տոկոս:
  • Հայաստանի բնակչությունը 1991-2001 թվականներին կրճատվել է 420 հազար մարդով, իսկ 2001-2011-ին` 194 հազար մարդով: Արդյունքում, բնակչությունն այս ընթացքում նվազել է 614 հազար մարդով կամ 16.9 տոկոսով: Ընդհանուր բնակչության կրճատման շուրջ 65 տոկոսը տեղի է ունեցել ի հաշիվ մարզային քաղաքների բնակչության կրճատման:
  • Բնակչության կրճատման պատճառը շարունակական արտագաղթն է: Մարդահամարների տվյալների վրա հիմնված հաշվարկները ցույց են տալիս, որ 1991-2012 թվականներին Հայաստանից արտագաղթել է 964 հազար մարդ: Ուղևորափոխադրումների վիճակագրությունը հիմնականում համընկնում է այս վիճակագրության հետ:
  • Արտագաղթի արդյունքում բնակչության թվաքանակը կրճատվել է բոլոր մարզերում: Առավելագույն անկումը գրանցվել է Լոռու մարզում` 38 տոկոս, Շիրակում՝ 27 տոկոս և Կոտայքում` 18 տոկոս: Երևանի մշտական բնակչությունը կրճատվել է 15.5 տոկոսով: Լոռու մարզում քաղաքային բնակչությունը կրճատվել է գրեթե կիսով չափ, Շիրակում` 39 տոկոսով:   
  • 2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության 35 տոկոսը բնակվել է մայրաքաղաք Երևանում, 28 տոկոսը` մարզային քաղաքներում և մոտ 37 տոկոսը՝ գյուղերում:
  • Քաղաքային բնակչությունը տեղաբաշխված է 48 քաղաքներում, որոնք իրենց չափերով բավականին տարբեր են: Առաջին 10 խոշոր քաղաքներում բնակվում է քաղաքային բնակչության կեսից ավելին` 56 տոկոսը, իսկ առաջին 20 խոշոր քաղաքներում` 78 տոկոսը  (առանց Երևանի): Գյումրին ապահովում է քաղաքային բնակչության 14-15 տոկոսը: Գյումրիում բնակվում է այնքան մարդ, որքան հանրապետության 23 փոքր քաղաքներում միասին վերցրած: Հաջորդ խոշոր քաղաքներն են` Վանաձորը և Վաղարշապատը:
  • Խիստ անհամաչափ է բաշխված նաև Հայաստանի գյուղական բնակչությունը: 50 խոշոր գյուղերում բնակվում է մոտավորապես այնքան մարդ, որքան 500 փոքր գյուղերում:
  • Հայաստանում շատ են փոքր և գերփոքր գյուղերը: 493 գյուղական համայնքներում կամ հանրապետության գյուղերի կեսից ավելիում բնակչությունը չի հասնում 1000 մարդու: Ընդ որում, 194 համայնքում բնակչությունը զիջում է 300 բնակիչը կամ 70 տնային տնտեսությունը: 3000-ից ավել բնակիչ ունեցող գյուղերը 78-ն են: Դրանցում բնակվում են հանրապետության գյուղական բնակչության մոտ մեկ երրորդը:
  • Հայաստանի բնակչության թվաքանակը ներկայում մոտ է 1970-ականների վերջի մակարդակին: Այսինքն, Հայաստանում ներկայում ապրում է մոտավորապես այնքան մարդ, որքան ապրում էր 30-35 տարի առաջ: Սակայն տեղի ունեն նշանակալի կառուցվածքային շեղումներ և տարբերություններ: Ներկայիս Երևանը 4.6 տոկոսով ավելի մեծ է 1979-ի համեմատ, մինչդեռ մարզային քաղաքները 12.6 տոկոսով ավելի փոքր են: Գյուղական բնակչությունը 2012-ին 6.8 տոկոսով գերազանցում է 1979-ի մակարդակը: Բնակչության համադրելի թվաքանակի պայմաններում ներկայում էապես ցածր է ծնելիության մակադակը և բավականին բարձր է մահացությունը:
  • Այսպիսով, Հայաստանն ապրում է դեմոգրաֆիական նահանջ: 30-35 տարիների  արդյունքում բնակչությունը չի աճել, ուրբանիզացիայի մակարդակը նվազել է: Ընդլայնվել է մայրաքաղաքը, սակայն էապես նվազել է փոքր ու միջին քաղաքների նշանակությունը: Բնակչության ծնելիության և մահացության ցուցանիշները վատթարացել են:
  • Բնակչության զբաղվածության հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է (ընդհանուր զբաղվածների 37 տոկոս): Տնտեսության ոչ գյուղատնտեսական հատվածում ամենամեծ զբաղվածությունն առևտրի ոլորտում է, որին հաջորդում է կրթության ոլորտը: Կրթության ոլորտում ավելի շատ զբաղված կա, քան մշակող արդյունաբերությունում:
  • Աշխատանքի արտադրողականությունը և միջին աշխատավարձն ամենաբարձրը ֆինանսական գործունեության ոլորտում են: Արտադրողականության տեսանկյունից ֆինանսական գործունեության ոլորտին հաջորդում են հանքագործական արդյունաբերության, շինարարության և էներգետիկայի ոլորտները:
  • Զբաղվածների 62 տոկոսի միջին աշխատավարձը 32,500-97,500 դրամ է: Աշխատավարձը գերազանցում է 195,000 դրամը զբաղվածների 11 տոկոսի դեպքում: Ամենացածր աշխատավարձերը կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, մշակույթի, առևտրի և գյուղատնտեսություն ոլորտներում են: Առևտրի ոլորտում է նաև աշխատանքային օրվա ամենամեծ տևողությունը` շաբաթական մոտ 52 ժամ:
  • Այսպիսով, Հայաստանում տնտեսական ակտիվության և զբաղվածության մակարդակը ցածր է: Գործազրկության մակարդակն աշխարհում ամենաբարձրերից մեկն է: Զբաղվածները հիմնականում ընդգրկված են ցածր արտադրողական և ցածր աշխատավարձի մակարդակ ապահովող ոլորտներում: Հատկապես մեծ է գյուղատնտեսության դերը: Բարձր արտադրողական և բարձր աշխատավարձեր ապահովող ճյուղերը փոքր են (մրցունակ մասնավոր բիզնեսի դերը շատ փոքր է):
  • Մարդկային կապիտալը հասկացություն է, որը բնորոշում է հասարակությունում աշխատուժի` այն է մարդկանց ֆիզիկական, մտավոր, սոցիալական և մշակութային առանձնահատկությունների և կարողությունների համալիրի ձևավորման և տնտեսական արժեքներ ստեղծելու գործընթացում դրսևորման մակարդակը: Այն պայմանավորվում է համապատասխան մասնավոր և հանրային ներդրումների արդյունավետությամբ, որոնք նպաստում են մարդկային ռեսուրսի վերածմանն արժեքներ ստեղծող մարդկային կապիտալի:
  • Տվյալ երկրում մարդկային կապիտալի գնահատման և միջերկրային համեմատությունների համար կարող են կիրառվել ՄԱԿ-ի կողմից հաշվարկվող «Մարդկային զարգացման համաթիվը» (ՄԶՀ) և ՀՏՖ-ի կողմից հաշվարկվող` «Մարդկային կապիտալի համաթիվը» (ՄԿՀ): Հայաստանը ըստ ՄԶՀ-ի աշխարհի 187 երկրների շարքում զբաղեցնում է 87-րդ դիրքը, իսկ ըստ ՄԿՀ-ի` 122 երկրների շարքում 73-րդ դիրքը:
  • Մեջերկրային համեմատություններում Հայաստանն, ընդհանուր առմամբ, միջին դիրքերում է, սակայն էապես զիջում է Արևելաեվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների: 2 ցուցանիշների գծով էլ Հայաստանը բավականին հեռու է Ռուսաստանից: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդհանուր առմամբ միմյանց մոտ են:
  • ՄԿՀ-ի «առողջություն» բաղադրիչով Հայաստանը 122 երկրների շարքում 71-րդն է: Առողջապահության որակի և մատչելիության ցուցանիշների առումով Հայաստանը զիջում է աշխարհի միջին մակարդակը: Հատկապես ցածր է կյանքի սպասվող տևողության ցուցանիշը` աշխարհում 82-րդը, ինչպես նաև` առողջ կյանքի և կյանքի տևողության գենդերային անհավասարությունը բնութագրող ցուցանիշը` 113-րդը 122-ից:
  • Աշխատուժը և զբաղվածությունը բնութագրող բաղադրիչով Հայաստանն ունի չափազանց ցածր դիրք աշխարհում` 113-րդը 122-ից: Դրա հիմնական պատճառը գործազրկության բարձր մակարդակն է: Շատ ցածր են տաղանդների պահպանման երկրի կարողությունը, փորձառու աշխատակիցներ գտնելու հնարավորությունը, նորարարական կարողությունները և այլն: Հատկապես ցածր է վերապատրաստման ծրագրերի և ծառայությունների հասանելիության մակարդակը բնութագրող ցուցանիշը:
  • Բարենպաստ միջավայր բաղադրիչի առումով Հայաստանը զբաղեցնում է համեմատաբար լավ դիրք` 64-րդը: Դրան նպաստում է ՀԲ-ի Գործարարության դյուրինության համաթիվը, որը ևս այս բաղադրիչի տարր է:
  • Կրթական բաղադրիչի առումով Հայաստանը 60-րդ երկիրն է աշխարհում: Կրթության հասանելիությունը և կրթությունում գենդերային ճեղքը բնութագրող ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է միջին կամ ավելի բարձր դիրք աշխարհում: Մինչդեռ կրթության որակի և կառավարման ցուցանիշները բավականին ցածր են շատ այլ երկրների համեմատ: 122 երկրների շարքում Հայաստանը 103-րդ հորիզոնականում է «կառավարում և գործարարություն» ուսուցանող համալսարանների որակի ցուցանիշով:
  • Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձր է: Արդյունքում, բավականին շատ են բարձրագույն ուսումնական հաստատությունները և դրանց կողմից պատրաստվող մասնագետների քանակը: Սակայն պատրաստվող մասնագետների քանակն արդյունավետորեն չի բխում տնտեսության ընթացիկ կամ հեռանկարային զարգացման պահանջներից:
  • Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգը շատ փոքր է և չի կարողանում բավարարել տնտեսության և շուկայի պահանջները: Այս համակարգը շարունակում է լինել հասարակության կողմից քիչ նախընտրելի: Մինչդեռ տնտեսության զանազան ոլորտներում բավականին շատ են համապատասխան ֆորմալ կրթություն չստացած զբաղվածները:
  • Հայաստանի զարգացման հեռանկարը սահմանափակող գլխավոր գործոններից մեկը մարդկային կապիտալն է: Մարդկային կապիտալի զարգացումը կարևորվում է ոչ միայն մրցունակ, բարձր արտադրողական տնտեսության ձևավորման և բերեկեցության աճի տեսանկյունից, այլ նաև ազգային անվտանգության ապահովման առումով:
  • Մարդկային կապիտալի արդյունավետ ձևավորումը և մարդկային զարգացումը սոցիալ-տնտեսական քաղաքականությունների գերխնդիրն է: Այն ենթադրում է մի շարք քաղաքականության ծրագրերի և միջոցառումների նախագծում և իրականացում: Այնուհանդերձ, ամենահրատապ խնդիրն արտագաղթի որոշակի զսպումն է, որի համար կան բավականին պարզ և իրագործելի միջոցներ: Մասնավորապես, անհրաժեշտ է որպես նախնական միջոցառում մեկնարկել հակամիգրացիոն լայնածավալ քարոզչություն: