ՀՀ կառավարությունը իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է բարձակարգ ավտոմայրուղու միջոցով կապել երկրի հյուսիսը հարավի հետ` նպաստելով ներքին փոխադրումների զարգացմանը և ապահովելով արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կունենա շուրջ 556կմ երկարություն, որը սկիզբ կառնի Վրաստանին սահմանակից Բավրայից, շարունակվելով դեպի Գյումրի, Թալին, Երևան, Գորիս, Կապան, կավարտվի Մեղրիում (Իրանի հետ սահմանի մոտ): Ենթադրվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կմիանա Վրաստանի Արևելք-Արևմուտք մայրուղուն, որն իր հերթին ձգվում է դեպի Փոթի և Բաթումի սևծովյան նավահանգիստներ:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) աջակցում է Ծրագրի իրականացմանը, որի համար նախատեսել է մինչև 500 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում: Ծրագիրը ֆինանսավորվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից:
Ծրագիրն իրականացվում է ըստ առանձին ֆինանսական տրանշերի: Ծրագրի 2-րդ տրանշը ներառում է մոտ 42կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածը (կմ 29+600 – կմ 71+500), իսկ Ծրագրի 3-րդ տրանշը ներառում է մոտ 42կմ երկարությամբ Թալին-Գյումրի հատվածը: Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի ենթահատվածը կֆինանսավորվի ԵՆԲ կողմից:
Ծրագրի շրջանակներում գոյություն ունեցող Մ1 մայրուղու երկշարք ճանապարհային համապատասխան հատվածները կվերափոխվեն քառաշարք երկկողմանի բարձրակարգ մայրուղու: Շինարարական աշխատանքների իրականացման համար պահանջվել է հողի օտարման և տարաբնակեցման մեծ ծավալներ, ուստի Տրանշ 2-ը և Տրանշ 3-ը, համաձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի, դասակարգվել է որպես «Ա» կարգի ծրագիր:
ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համապատասխան հատվածների համար հաստատել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրեր (ՀՕՏԾ): ՀՕՏԾ նպատակն է բացահայտել ազդեցության ենթարկվող բոլոր անձանց, գնահատել պատճառվող վնասի չափը, ներկայացնել փոխհատուցման կարգը և ապահովել այնպիսի պայմաններ, որ այդ անձինք չենթարկվեն Ծրագրի բացասական ազդեցությանը կամ չհայտնվեն ավելի վատ վիճակում, քան Ծրագրի «բացակայության» պայմաններում:
ՀՕՏԾ իրականացումը ենթակա է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մոնիտորինգի: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) ընտրվել է որպես Ծրագրի «Արտաքին մոնիտորինգի գործակալություն» և իրականացնում է ՀՕՏԾ արտաքին մոնիտորինգը:
Արտաքին մոնիտորինգի հիմնական նպատակն է գնահատել ՀՕՏԾ իրականացման համապատասխանությունը, արդյունավետությունը և ազդեցությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում առաջարկել ճշգրտող միջոցառումներ: Այն մի կողմից ուղղված են ՀՕՏԾ իրականացման համապատասխանության գնահատմանը, իսկ մյուս կողմից` ՀՕՏԾ երկարաժամկետ՝ հետծրագրային ազդեցության գնահատմանը:
2013-2014 թվականների ընթացքում ՏԶՀԿ-ն իրականացրել է ՀՕՏԾ իրականացման ընթացիկ մոնիտորինգ և խորհրդատվություն` մշակվել և ներկայացվել են թվով 3 «Համապատասախանության հաշվետվություններ» (դրանք հասանելի են նաև www.adb.org կայքում): ՀՕՏԾ երկարաժամկետ ազդեցության մոնիտորինգի և գնահատման շրջանականերում ՏԶՀԿ-ն 2013-ի հունվար-փետրվար ամիսներին իրականացրել է Տրանշ 2-ի նախածրագրային իրավիճակի Ելակետային հետազոտություն: Տրանշ 2-ի ՀՕՏԾ իրականացման ամբողջական ավարտից մոտ 1 տարի անց (2015թ.) իրականացվեց հետծրագրային ազդեցության գնահատումը:
2016-ից մեկնարկվել է Ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի հատված) ՀՕՏԾ-ների արտաքին մոնիտորինգի աշխատանքները:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է Ծրագրի Գործադիր մարմինը, իսկ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» ԾԻԿ ՊՈԱԿ-ը՝ Իրականացնող գործակալություն: